Դեկտեմբերի 14-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բեյրդին:
Հանդիպման սկզբում Կանադայի արտգործնախարարը ՀՀ դեսպանին է նվիրել 1992թ. ստորագրված «Կանադայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարության» կրկնօրինակը՝ վերահաստատելով կանադական կառավարության և ժողովրդի ջերմ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային ոլորտները` երկուստեք համաձայնելով, որ երկրների միջև առևտրաշրջանառությունը ընդլայնման լուրջ ներուժ ունի:
Դեսպան Եգանյանը նաև ներկայացրել է Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղղությունները:
ՀՀ դեսպանը երախտագիտություն է հայտնել Կանադայի օրենսդիր և գործադիր իշխանություններին Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում շարունակական սկզբունքային դիրքորոշման համար, ինչին ի պատասխան նախարար Բեյրդը նշել է, որ Ցեղասպանության դատապարտումը նաև վարչապետ Հարփերի սկզբունքային դիրքորոշումն է:
Հանդիպման ավարտին Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը վերահաստատել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը Ջոն Բեյրդին մոտ ապագայում Հայաստան այցելելու համար:









































