ՀՀ Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ: Այսօր կայացած քննարկմանը նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Անդրադառնալով երկրի վարած արտաքին քաղաքականությանը` նա նկատեց, որ ինչպես նախկինում, այսօր էլ գերակայում են երկու ուղղություններ` ԼՂ կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը:
«Այսօր էլ պահպանվում է ստատուս-քվոն, այսօր էլ Ղարաբաղի հարցում մենք մնում ենք մեր տեսակետին: Մենք փորձում ենք միջազգային հանրության ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ Ադրբեջանը դուրս չի եկել իր` ապակառուցողական հայտարարություններ անելու քաղաքականությունից»,- նկատեց խորհրդարանականը:
Որպես տարվա ազդեցիկ քաղաքական երևույթ` նա առանձնացրեց հատկապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայաստան կատարած պետական այցը, ինչպես նաև Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները:
Քննարկմանը ներկա ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանն էլ իր հերթին նկատեց, որ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հետընթաց չի գրանցվել:
«Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության մյուս կարևոր ուղղությանը, այն է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա ճիշտ կլինի, որ Հայաստանը հետ վերցնի իր ստորագրությունները»:
Անդրադառնալով ներքաղաքական իրարձություններին` ՀՅԴ պատգամավորը նշեց. «Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունից ունեցած սպասումներն ավելի մեծ էին: Մեր ժողովուրդը հավատ չի ընծայում քաղաքական ոչ մի ուժի հանդեպ և անվստահության ժամանակներ է ապրում: Պետք է արդար լինենք և ասենք, որ կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև: Մենք ունենք ժողովրդագրական խնդիր, որը դառնում է ազգային անվտանգության սպառնալիք»:








































