Չիլիի իշխանությունները կոչ են անում տղամարդկանց ամառվա ամիսներին հրաժարվել փոխկապ կրելուց օդորակիչներով հագեցված հաստատություններում էլեկտրաէներգիա խնայելու համար:
ԻՆչպես հաղորդում է BBC-ն, Չիլիի էներգետիկայի նախարար Ռոդրիգո Ալվարեսը կարծում է, որ եթե տղամարդիկ փողկապ չկրեն, ջերմաստիճանը գրասենյակներում կարող է մնալ սովորականից մի փոքր ավելի բարձր:
Այդպիսով, եթե գրասենյակում 1-3 աստիճան Ցելսիուսից մի փոքր ավելի բարձր ջերմաստիճան լինի, էլեկտրաէներգիայի ծախսերը կկրճատվեն մոտ 3%-ով:
Պաշտոնյան կարծում է, որ ամառվա ամենաշոգ ամիսներին (Հարավային Ամերիկայում՝ հունվարից մարտ) պետական և մասնավոր հաստատություններում փողկապներից հրաժարվելը հնարավորություն կտա տնտեսել շուրջ 10 մլն դոլար:
«Այս համեստ միջոցը թույլ կտա ավելացնել մեր երկրում էներգետիկ արդյունավետությունը: Օդորակիչների օգտագործման կրճատումը կբերի էլեկտրաէներգիայի տնտեսմանը»,- հայտարարել է Ալվարեսը:
Նա նշել է, որ նման փորձ բարեհաջող կիրառվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան և Իսպանիան:










































