Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը վստահ է, որ ոչխարաբուծության վիճակագրական ցուցանիշները նկարվում են այնպես, ինչպես նկարվում են խաղողի բերքատվության ցուցանիշները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բերբերյանը նշեց, որ այն միտումները, որ չինովնիկները նախատեսում էին՝ հասնել ռեկորդային գլխաքանակի, ցավոք, դա այդպես չէ, որովհետև հենց մսի շուկայում ոչխարի և գառի մսի գները շեշտակի բարձրացան ու չիջան: Բնականաբար, այն գլխաքանակը, որ ունեինք 2 տարի առաջ, այս տարի չունենք:
Միության նախագահի խոսքով, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոչխարի գլխաքանակը պակասում է. «Մայրական հոտի լուրջ տեղաշարժ եղավ և արտահանվեց հանրապետությունից: Դա 2 տարի առաջ մեր ահազանգածի հետևանքն է: Այն մայրական կազմը, որ պետք է պահպանվեր և վերարտադրվեր, դրա պտուղներն ենք քաղում»:
Հ. Բերբերյանի խոսքով, երկու վիճելի բան կա. հրապարակվող վիճակագրական տվյալները և փաստացի եղածը լուրջ տարբերություն է տալիս: «Դրա համար չենք կարող ասել, որ անցած տարվանից պակաս է, բայց նկարած թվերից պակաս է»,- հայտարարեց միության նախագահը՝ հավելելով, որ դրա համար գյուղմթերք արտադրողը հաշվետու չի, այստեղ աշխատում է գյուղապետերի ինստիտուտը, որը չի կարող ստույգ թվեր ապահովել, հատկապես երբ խոսքը մարզի առաջադիմության մասին է, քանի որ սովետական հոգեբանությունը չի փոխվել: Բնականաբար, նաև բնագավառի ճյուղային ճնշումը կա, որ մի քիչ ավելի ցույց տան:










































