Բլոգեր Տիգրան Քոչարյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Ըստ Հատուկ քննչական ծառայության` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում` ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, հիմնավորվել է, որ «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջև նոյեմբերի 14-ին ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է` ապտակել է Սիլվա Համբարձումյանին: Սակայն քրեական գործի վարույթը կարճվել է արարքում «ծեծի» հատկանիշներ չլինելու հիմնավորմամբ:
Մեկ ամիս առաջ Սյունիքի մարզպետարանը տարածել էր հետևյալ հաղորդագրությունը
Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հերքման տեքստում, մասնավորապես, ասվում է.
«Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, ըստ որոնց, ս/թ նոյեմբերի 14-ին Երևանում 17:30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իբրև թե ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին:
Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորինված, բացարձակ սուտ ու զրպարտություն են՝ ուղղված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ»:
Իսկ ու՞մ է իրականում ապտակ հասցվել:
Անպատիժ մնալով և շարունակելով պաշտոնավարել`
Մարզպետը ապտակեց երկրի օրինապահ օրինապահ քաղաքացիներին ու…
Մարզպետը ապտակեց ամբողջ իրավապահ համակարգին` ստեղծելով անչափ վտանգավոր նախադեպ:
Մարզպետը ապտակելով Սիլվա Համբարձումյանին` ապտակեց բոլոր հայ կանանց:
Մարզպետը ապտակեց հարազատ կուսակցությանը` գցելով նրա վարկանիշը և լեզու դնելով ընդդիմության բերանը:
Մարզպետը ապտակեց սեփական մարզին, ով մինչև այդ այլ իսկական հերոսներով էր պարծենում:
Մարզպետը ապտակեց իր երկիրի վարչապետին, ով փորձում է երկրում կառուցել քաղաքակիրթ իշխանական համակարգ:
Մարզպետը ապտակեց իր նախագահին, ով այս երկրում մարդու իրավունքների ու մարդու անվտանգության երաշխավորն է:
Մարզպետը ապտակեց իր երկրին` առիթավորելով և միավորելով բոլոր չուզողներին:
Մի՞թե սա է մեր երազած երկիրը…









































