Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում նորից սկսել են վաուչերներ բաժանել։ Այս անգամ դրանք հատկացվելու են գյուղացիներին՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեկտեմբերի 11-ին Վրաստանի գյուղերից մեկում իր ձեռքով է հանձնել առաջին վաուչերը։ Նա խոստացել է, որ 30 լարի (18 դոլար) կազմող այդպիսի վաուչերներ բաժանվելու են Վրաստանի բոլոր գյուղերում՝ գարնանային գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար։ Սաակաշվիլին ընդգծել է, որ պետական այդ օգնությունը գյուղացիներին կօգնի լուծելու կոնկրետ խնդիրներ.
«Ես երկար եմ մտածել, թե ինչ կերպ կարելի է խրախուսել ոչ մեծ հողակտոր ունեցող անձանց։ Նախորդ տարիներին մենք ներկրեցինք բավական շատ տրակտորներ, սակայն խնդիրները մնացին։ Դրա համար էլ մենք որոշեցինք գնալ այս քայլին։
Այս գումարով մարդիկ կարող են պարատանյութ գնել և տրակտոր վարձել՝ իրենց հողակտորը վարել տալու համար։ Իսկ բարձր լեռնային շրջաններում բնակվող գյուղացիները կարող են վաուչերի հետ մեկտեղ ստանալ 35 կիլոգրամ պարարտանյութ, որն արժե 70 լարի (42 դոլար) և բավական է 1000 քառակուսի մետր հողատարածքի մշակման համար»։
Վաուչերները հատկացվելու են բոլորին՝ բացի մեծ քաղաքի բնակիչներից։ Ողջ երկրով մեկ վաուչերների հատկացման գործընթացը մեկնարկելու է 2011 թվականի դեկտեմբերի 20-ին։ Գյուղացիները կարող են այդ վաուչերից օգտվել մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը։








































