Տոկիոյում ձերբակալել են մի չինացու, որը փորձել է զբոսաշրջիկներին վաճառել պանդայի խրտվիլակ: Միջադեպը տեղի է ունեցել Տոկիոյում սեպտեմբերին, սակայն տղամարդուն հաջողվել է միայն հիմա ձերբակալել:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ 40-ամյա չինացին պատրաստվում էր Տոկիո այցելած իր հայրենակիցներին վաճառել կեսմետրանոց բամբուկի արջ:
France-Presse գործակալության փոխանցմամբ՝ չինացին մտադիր էր խրտվիլակի վաճառքից ստանալ երեք միլիոն յեն (մոտ 38 հազար դոլար):
Խրտվիլակն ուսումնասիրելուց հետո մասնագետները եկել են եզարակացության, որ այն «մոտ 80 տոկոսով» պանդայի: Ենթադրվում է, որ խրտվիլակի դիմային մասի մորթին կարող է պատկանել մեկ այլ արջի կամ նույնիսկ ճագարի: Այսպես թե այնպես՝ խրտվիլակի մորթու մեծ մասը պանդայի է, իսկ այդ տեսակի ներկայացուցիչների ողջ կամ մեռած վաճառքն արգելված է ոչնչացող տեսակների պաշտպանության օրենքի համաձայն:
Հայտնի չէ, թե չինացին որտեղից է ձեռք բերել պանդայի խրտվիլակը: Չի հայտնվում նաև, երբ է տեղի ունենալու դատական նիստը:
Ներկայումս պանդաների թիվը Չինաստանի վայրի բնությունում հասնում է 1600-ի: Մոտ երեք հարյուր բամբուկի արջեր ապրում են անազատության մեջ, որտեղ մասնագետներն իրականացնում են նրանց պահպանման և բազմացման ծրագիր:









































