Հազվագյուտ ոսկե մետաղադրամը, որը թողարկվել է 1787 թվականին ոսկերիչ Բրաշերի կողմից և ստացել է «Բրաշերի դուբլոն» անվանումը, աճուրդի ժամանակ վաճառվել է 7,4 միլիոն դոլարով: Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, այդ կերպ այն դարձել է ամենաթանկ ոսկե մետաղադրամներից մեկը, որը երբևէ վաճառվել է աճուրդի ժամանակ:
«Բրաշերի դուբլոնը» մեծ հեղինակություն ունի հավաքածուների սիրահարների շրջանում, քանի որ համարվում է առաջին մետաղադրամը, որ հատվել է ԱՄՆ-ում: 26,66 գրամանոց մետաղադրամը 1787 թվականին գնահատվել է 15 դոլար: Դեկտեմբերի կեսերին ոսկու ունցիան համաշխարհային շուկայում արժեր ավելի քան 1,6 հազար դոլար:
Վերջին անգամ այս մետաղադրամը վաճառվել է 2004 թվականին, այն ժամանակ նրա համար վճարել էին մոտ երեք միլիոն դոլար: Այն միակ «դուբլոնն» է, որի վրա վարպետի անվան սկզբնատառերը դրոշմված են արծվի կրծքի վրա (EB): Մնացած հինգ հայտնի «Բրաշերի դուբլոնների» վրա սկզբնատառերը գրված են արծվի ձախ թևի վրա:
Գործարքի միջնորդ է հանդես եկել Blanchard and Co ընկերությունը, որը մասնագիտացած են ոսկե մետաղադրամ վաճառելու մեջ: Գործակալության տվյալներով՝ «Բրաշերի դուբլոնը» գնել է Ուոլ-Սթրթի ընկերություններից մեկը, գնորդի անունը չի հրապարակվում:
Բրաշերի մետաղադրամը ստացել է «դուբլոն» անվանումը, քանի որ կշռում էր այնքան, որքան իսպանական ոսկե դուբլոնը, որը լայնորեն տարածված էր գաղութային Ամերիկայում:










































