Պակիստանի իշխանությունները հերքել են «Թալիբան» ահաբեկչական շարժման պակիստանյան թևի հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այսօր հայտարարել են Պակիստանի վարչապետը և ՆԳ նախարարը: Նրանք նշել են, որ ահաբեկիչների հետ բանակցությունները հնարավոր են միայն նրանց զինաթափելուց և բռնելուց հետո:
Հիշեցնենք, որ 2011 թ. դեկտեմբերի 10-ին խմբավորման ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը հաստատել էր Պակիստանի հետ բանակցություններ վարելու լուրը: «Իսլամաբադի հետ մեր բանակցությունները ճիշտ ուղով են ընթանում»,- ասել էր նա՝ ավելացնելով, որ դրանց հաջող ընթացքի դեպքում իշխանությունների հետ հաշտություն կկնքեն «Թալիբանի» բոլոր բջիջները:
Ի պատասխան դրա՝ այսօր Պակիստանի ՆԳ նախարար Ռահման Մալիքն ասել է. «Որպես երկրի կառավարության լիազոր ներկայացուցիչ՝ ես կտրականապես հայտարարում եմ, որ ահաբեկիչների հետ ոչ մի բանակցություն չի տարվում»:







































