Մարդու իրավունքները խախտվում են բոլոր ոլորտներում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը`խոսելով Հայաստանում մարդու իրավունքների և պաշտպանվածության շուրջ:
Ըստ նրա` մարդու իրավունքների պաշտպանությունը մի երկարատև գործընթաց է, որին միշտ ձգտելու են: «Այդ իրավունքներն ամրագրված են Սահմանադրության մեջ: Ներկա վիճակը շատ հեռու է ցանկալիից: Մեր ընթացքը մոտ է նպատակին հասնելուն»,- նշեց Ա. Զեյնալյանը`հավելելով, որ դեռ շատ անելիքներ ունենք:
Իրավապաշտպանը հորդորում է չլռել այն դեպքում, երբ տեսնում ենք ոտնահարված իրավունքներ: Նա համոզմունք հայտնեց, որ ցանկացած իրավահարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանության համար մարդու իրավունքները պետք է երաշխավորված լինեն:
«Մենք պետք է զարգացնենք դատական համակարգը: Պետք է դատական համակարգը դարձնենք անկախ, որպեսզի արդարադատություն իրականացվի, և դա ճառագայթվի բոլոր ոլորտներում»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը`դա գնահատելով ամենաառաջնային խնդիր: Ա. Զեյնալյանի համոզմամբ, մարդու իրավունքները սահմանված են բնության կողմից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:







































