Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ զրույցում փորձեց հասկանալ` մեզանում որքանով են պաշտպանված մարդու իրավունքները:
«Ոչ ոք իրավունք չունի անհարգալից վերաբերվել մարդու նկատմամբ: Առհասարակ մարդու նկատմամբ հարգանք է պահանջվում`անկախ իր սոցիալական դիրքից»,- հավելեց երգչուհին` ընդգծելով, որ նախօրեին Facebook-ում կարդացել է գրող Արմեն Օհանյանի տուն ներխուժման մասին: Այդ մասին, ի դեպ, հենց Արմենն էր գրել սոցցանցում:
«Ինձ համար անհարիր է նման վերաբերմունքը, առավել ևս՝ պարզվել է, որ տեղի ունեցածը եղել է սխալմունք, գուցե ներողություն խնդրեին տեղի ունեցածի համար: Այդ 6-րդ վարչության աշխատակիցները մեկ անգամ պե՞տք է հարգալից վերաբերմունք ցուցաբերեն, ընդ որում՝ մտավորականի հանդեպ»,- զայրացած ասաց երգչուհին` հավելելով, որ նրանք այդպես չէին վարվի, եթե Արմենը լիներ ինչ-որ մեծահարուստի զավակ:
Նրա խոսքով` ամեն մի կիսագրագետի մոտ վերջիններս կարող են իրենց վիզը ծռել, իսկ եթե դիմացը կանգնած է մտավորական, հաշվի չեն առնում այդ փաստը: Դա, երգչուհու խոսքով, վկայում է մարդու իրավունքների պաշտպանված չլինելու մասին, այնինչ մարդը պետք է հարգված լինի` անկախ իր սոցիալական վիճակից:
Շ. Պետրոսյանի համար սոցիալական վիճակը մտավորական լինելն է, մտածել կարողանալը, սուր խոսք ունենալը ու դա ասել կարողանալը:








































