Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնել է Ավստրիա՝ մասնակցելու Համաշխարհային քաղաքականության 4-րդ կոնֆերանսի աշխատանքներին, որին մասնակցում են նաև այլ երկրների նախագահներ ու նախարարներ։
Կոնֆերանսի հյուրերի պատվին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը ճաշկերույթ է կազմակերպել, սակայն Գյուլը հրաժարվել է մասնակցել դրան։ Գյուլն իր այդ որոշումը պատճառաբանել է նրանով, որ սեղանակիցների թվում է եղել նաև Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը։
Բացի այդ, Գյուլը նույն իսրայելական գործոնի պատճառով հրաժարվել է մասնակցել կոնֆերանսի մասնակիցների հետ «Ընտանեկան լուսանկարին»։
Էհուդ Բարաքը հետ չի մնացել Գյուլից, և երբ վերջինս պետք է կոնֆերանսում սկսեր ելույթը, իր հետ ժամանած իսրայելական պատվիրակության հետ լքել է կոնֆերանսի դահլիճը։
Երեկ երեկոյան Գյուլը վերադարձել է Թուրքիա։