ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար դեսպան Թրայան Լավրենթիու Հրիսթեային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Է. Նալբանդյանը հաջողություն մաղթելով վերջինիս` հույս է հայտնել, որ ԵՄ պատվիրակության ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ արդյունավետ փոխգործակցության խորացմանը և ընդլայնմանը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Թ. Հրիսթեային նշել է, որ ԵՄ-Հայաստան համագործակցության ներկա բարձր մակարդակը մեկ անգամ ևս վկայում է հարաբերությունների զարգացման երկուստեք շահագրգռվածության մասին և հավաստիացրել, որ կանի առավելագույնն այդ գործընկերության առավել ամրապնդման համար:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքի, մուտքի արտոնագրային ռեժիմ դյուրացման, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ հարցեր: