Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանը կանգնած է ՆԱՏՕ-ի դռների մոտ.
«Այսօր Վրաստանն ավելի, քան երբևէ մոտ է կանգնած ՆԱՏՕ-ի դռներին։ Ոչ վաղ անցյալում մենք դա լսեցինք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենից, իսկ երեկ Բրյուսելում ստացանք դրա փաստաթղթային ապացույցը։ Վրաստանին շնորհվեց ՆԱՏՕ-ին անդամակցելու «ասպիրանտ երկրի» կարգավիճակ»։
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կարող է հանգեցնել 2008 թվականի օգոստոսյան դեպքերի կրկնմանը։ Ավելի վաղ Բաքրաձեն հայտարարել էր, որ անդամակցության դեպքում Վրաստանը ՆԱՏՕ-ին չի ներքաշելու Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։








































