Լիբանանում ՄԱԿ-ի 5 ֆրանսիացի խաղաղապահներ վիրավորվել են ճանապարհի վրա տեղադրված ռումբի պայթյունից:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում: Խաղաղապահների ավտոմեքենան պայթեցվել է Տիր նավահանգստային քաղաքից ոչ հեռու:
Առայժմ ոչ մի խմբավորում ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:
Սա Լիբանանում խաղաղապահների վրա հարձակման առաջին դեպքը չէ: Ընթացիկ տարվա հուլիսին նման պայթյունի ժամանակ վիրավորվեցին ՄԱԿ-ի 3 զինծառայողներ:
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը Լիբանանում տեղակայված են 1978 թվից: Սկզբնապես դրանց թիվը հասնում էր շուրջ 6000-ի, սակայն Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև պատերազմից հետո այն կրկնապատկվեց:









































