Ժամանակի ընթացքում հայկական կոնյակը չինական շուկայում իր տեղը կգտնի: Այսօր ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան խորհրդական Գուան Գանգը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին` Չինաստանում հայկական կոնյակի ինչպիսի՞ պահանջարկ ու արտահանումը մեծացնելու հնարավորություններ կան:
«Հայկական կոնյակը հայտնի է աշխարհում, շատ աշխատանք է տարվել կոնյակը չինական շուկայում ներկայացնելու համար: Սեպտեմբերին հայկական ընկերությունները Ուռումչի քաղաքում ներկայացրել են կոնյակը: Չինացիները սիրում են այդ խմիչքը»,- ասաց Գ. Գանգը:
HUAHE International Business Consulting ընկերության նախագահ Լու Չուանյուի խոսքով` Չինաստանում ավելի ճանաչված են օղին և գինին, կոնյակն այնքան էլ հայտնի չէ, ուստի կարևոր է այն ներկայացնելը:
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նկատեց, որ չինացիները, ինչպես և հայերը, սիրում են թունդ խմիչքներ: Առաջին անգամ հայկական կոնյակը չինացիներին ներկայացվել է 2010 թ.` Շանհայի ցուցահանդեսում:
«Հասկացանք, որ հավանում են կոնյակը: Եվ ներկայում 3 ընկերություններ՝ «Երևանի կոնյակի գործարանը», «Նոյը» և «Հայասի գրուպը», ակտիվորեն աշխատում են ասիական տարածաշրջանի ուղղությամբ»,- ասաց Ռ. Հարությունյանը՝ հայտնելով, որ 2 ընկերություններ արդեն մատակարարման պայմանագրեր են կնքել. «Պետք է չինացիներն ընդունեն կոնյակը: Սա նշանակում է, որ մեծ ներդրումներ պետք է կատարել մարքեթինգի ուղղությամբ»:
ԶՀԳ գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում Չինաստան է մատակարարվել արդեն 5-6 մեքենա կոնյակ:









































