Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում Շվեյցարիայի դեսպան Լիվիա Լեու Ագոստին կանչվել է Իրանի ԱԳՆ, ուր և նրան հանձնվել է բողոքի նոտա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիան։
Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչն անթույլատրելի է որակել ամերիկյան RQ-170 Sentinel ինքնաթիռի կողմից Իրանի օդային սահմանի հատումը, ինչը համարվում է բոլոր միջազգային նորմերի ու օրենքների խախտում և սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանի ու միջազգային հանրության անվտանգությունը։
Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը երկրի օդային տարածքի խախտման պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի կառավարության վրա՝ ընդգծելով, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան միջոցների ձեռնարկումը՝ կապված այդ միջադեպի հետ։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով Իրանի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Հուսեին Իբրահիմին երեկ հայտարարել է. «Իրանի օդային տարածքն ամերիկյան ինքնաթիռների կողմից խախտելը հանդիսանում է քրեորեն պատժելի, Իրանն անկասկած օգտվելու է միջազգային ատյաններում իր իրավունքից և այս միջադեպը բարձրացնելու է դրանցում»։









































