Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արտագնա կառավարական նիստ է անցկացրել Քութաիսի քաղաքի մոտակայքում գտնվող ստորգետնյա քարանձավում: Այս մասին հաղորդում է rbc.ru-ն: Կառավարական նիստը նվիրված է եղել երկրում գնաճի կայունացման քաղաքականության մշակմանը: Նախագահի կողմից հանձնարարական է տրվել պահուստային ֆոնդերից գումարներ հատկացնել` գնաճը վերահսկելու նպատակով, միաժամանակ կոչ է արվել կրճատել վարչական ծախսերի ծավալը:
Կառավարական նիստի անցկացման յուրօրինակ վայրը բացատրվում է Սաակաշվիլիի՝ երկրի զբոսաշրջության ոլորտը զարգացնելու, ինչպես նաև պոտենցիալ ներդրողների ու գործարարների ուշադրությունը գրավելու ցանկությամբ: Ավելի վաղ, Սաակաշվիլին ուղիղ եթերով նախարարներին դիմել էր Բաթումիում կառուցվող 12 հարկանի շինության կտուրից, որտեղ նախագահի գլխավերևում աշխատում էր վերամբարձ կռունկը, մեկ այլ դեպքում՝ Աբխազիայի հարակից սահմանային լողափից:
Երեկ կայացած կառավարական նիստի համար քարանձավը տեխնիկական հատուկ սարքավորումներով ու լուսավորությամբ է ապահովել: