Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԵՄ-ն նախկինում երբեք կանգնած չի եղել փլուզման այսպիսի վտանգի առջև, և որ ԵՄ-ն վերաիմաստավորելու ժամանակն է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նա ելույթ է ունեցել Մարսելում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության նիստին, որը համարվում է Եվրախորհրդարանի խոշորագույն կուսակցությունը:
Գերմանիան և Ֆրանսիան հանդես են գալիս ԵՄ-ի պայմանագրերում փոփոխություններ մտցնելու առաջարկներով, որպեսզի կոշտ կանոններ սահմանվեն եվրոյի կարգավորման համար:
Սարկոզին հայտարարել է,որ եթե ԵՄ-ի բոլոր 27 երկրները չեն կարող լինել միակարծիք, ապա այն 17 երկրները, որոնք օգտագործում են եվրո, ստիպված կլինեն ստեղծել իրենց սեփական համաձայնագիրը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ եվրոգոտու խնդիրները չի կարելի միանգամից լուծել, դրանց լուծման համար մի քանի տարի է պետք:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ քաղաքական գործիչները պետք է ամեն ինչ անեն եվրոյի պահպանման համար:









































