РИА Новости-ի փոխանցմամբ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մամլո ասուլիսի ժամանակ ամփոփելով Բրյուսելում տեղի ունեցած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքները, հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) տեսանելիության ներքո է գտնվելու Ռուսաստանի տարածքի զգալի մասը.
«Եթե այդ ՌՏԿ-ն անհրաժեշտ էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքից հարավի դիտարկման համար, ապա այդպիսի ՌՏԿ արդեն իսկ գոյություն ունի։ Այն կա և վաղուց աշխատում ու տեսանելի է պահում այն տիրույթը, որտեղից, ամերիկացի ու ՆԱՏՕ-ի գործընկերների պնդմամբ, բխում է սպառնալիքը։
Երբ պլանավորված ՌՏԿ-ն տեղակայվի Թուրքիայում, ապա այն կդառնա պարզապես գոյություն ունեցող ՌՏԿ-ի կրկնօրինակը, սակայն դրա հետ մեկտեղ նրա տեսադաշտում կհայտնվի Ռուսաստանի տարածքի զգալի մասը»։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի վերջին թուրքական Zaman թերթին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Մալաթիայի նահանգի Քյուրեջիքի շրջանում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրերը սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանի համար.
«Ռուսաստանն էլ իր ՀՀՊ տարրերի տեղակայմամբ սպառնալիք չի ներկայացնում մեզ համար։ Կողմերը հարձակողական պլաններ չունեն։ Թուրքիայի տարածքում տեղակայվելիք ՀՀՊ համակարգն ունի պաշտպանողական բնույթ, այս ամենն արվում է պաշտպանական նպատակով»։
Ինչ վերաբերում է Լավրովի նշած արդեն իսկ գոյություն ունեցող ՌՏԿ-ին, ապա ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել Ադրբեջանի տարածքում գտնվող և Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ՌՏԿ-ն։ 2007 թվականի ամռանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին առաջարկել էր համատեղ օգտագործել Գաբալայի ՌՏԿ-ն՝ ընդգծելով, որ եթե ԱՄՆ-ին այդքան շատ անհանգստացնում են իրանական հրթիռները, ապա Գաբալայի ՌՏԿ-ից լավ տարբերակ լինել չի կարող։ Սակայն այն ժամանակ Բուշը մերժել էր դա։










































