РБК-ի փոխանցմամբ՝ արևմտյան փորձագետները տարբեր գնահատականներ են տալիս Իրանի միջուկային ծրագրի հնարավորություններին։ Ոմանք կարծում են, թե Իրանից միջուկային ռումբի ստեղծումը կպահանջի 2-6 ամիս, մյուսներն էլ այդ ժամկետում միջուկային ռումբի ստեղծումն անհնար են համարում։
Միջուկային զենքի չտարածման կրթական կենտրոնի (NPEC) ներկայացուցիչ Գրեգ Ջոնսը կարծում է, որ եթե Իրանն անհրաժեշտ ջանքեր գործադրի, ապա ատոմային ռումբի ստեղծումը նրանից կպահանջի 2-6 ամիս։
Մինչդեռ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ղեկավար, բրիտանացի փորձագետ Մարկ Ֆիտցպատրիկը կարծում է, որ Ջոնսի այդ գնահատականը չի համապատասխանում իրականությանը.
«Ջոնսի գնահատականում առկա են մի շարք լուրջ թերություններ, այդ թվում՝ նաև Իրանի կողմից ուրանի հարստացման այնպիսի մեթոդի կիրառումը, ինչը նախկինում երբևէ չի գործածվել միջուկային զենքի պատրաստման ժամանակ։
Ես կարծում եմ, որ ատոմային ռումբի ստեղծումն Իրանից կպահանջի նվազագույնը մեկ տարի։ Բացի այդ, Իրանը, հազիվ թե հանուն մեկ ռումբի խախտի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը»։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 8-ին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի հրապարակած զեկույցում նշված էր, որ Իրանը մինչև 2003 թվականը զբաղվել է միջուկային զենքի մշակմամբ, և որ այդ գործունեությունը կարող է վերսկսվել նաև ներկայումս։








































