Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հատուկ օպերացիա է պատրաստել Իրանում ընկած (կամ վայր գցված) անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ոչնչացման համար։ Խոսքը ամերիկյան հատուկջոկատայինների կողմից Իրանի տարածք ներթափանցելու մասին էր, որոնց առաջադրանքը նախորդ շաբաթ Իրանում ընկած ամերիկյան ԱԹՍ-ի ոչնչացումն էր։
Ամերիկյան RQ-170 Sentinel տիպի ԱԹՍ-ի կորստից հետո ամերիկյան բանակն անմիջապես դիտարկել է բազմաթիվ պլաններ դրա բեկորները վերադարձնելու կամ ոչնչացնելու համար, որպեսզի դրանով իսկ կարողանա կանխել Իրանի կողմից նորագույն տեխնոլոգիաներին տիրանալը։
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարեց, որ իրանցի զինվորականները կարող են տիրել այն գաղտնի տեխնոլոգիաներին, որոնցով հագեցած է եղել Իրանի արևելքում վայր ընկած ամերիկյան ԱԹՍ-ն.
«Ես կարծում եմ, որ մենք մշտապես մտահոգվում ենք այն բոլոր դեպքերում, երբ ԱԹՍ-ներ կամ այլ տիպի ինքնաթիռներ ենք կորցնում այնպիսի վայրերում, որոնք մեզ համար անհասանելի են»։
Իսկ դրանից առաջ էլ ամերիկյան NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանում ընկած ԱԹՍ-ն պատկանել է ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչությանը և հատուկ առաջադրանք է կատարել։









































