Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Հայփոստ» ՓԲԸ-ի պատվիրակության հանդիպման ժամանակ քննարկվել են փոստային կապի ծառայությունների մատուցման և հետագա գործակցության հետ կապված հարցեր:
Քաղաքապետը, կիսելով իր մտահոգությունը ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված, նշել է, որ քաղաքացիների կողմից գույքահարկի և այլ հարկատեսակների գանձումների մասին տեղեկությունները ստացվում են ուշացումներով, ինչը որոշ առումով խնդիրներ է ստեղծում մուտքագրված գումարների տեղեկատվության ամբողջացման, ինչպես նաև քաղաքացիներին լրացուցիչ անգամ անհանգստացնելու առումով:
«Հայփոստ»-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը դիտարկելով որպես առաջնահերթություն` Տարոն Մարգարյանն ընդգծել է ամենօրյա օպերատիվ և հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը:
«Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նախագահ, Հայաստանի հավատարմագրային կառավարիչ Ջուան- Պաբլո Գեչիդջյանը նշել է, որ ծառայությունների որակը բարձրացնելու առումով ընկերությունն առաջիկայում պատրաստվում է ներդնել մի շարք նոր ծրագրեր:
Ներդրվող ծրագրերի արդյունքում «Հայփոստի» բոլոր բաժանմունքները համաժամանակյա ռեժիմով կապ կունենան գլխամասային գրասենյակի հետ, ինչը հնարավորություն կտա ավելի վերահսկելի դարձնել աշխատանքը և տեղում շտկել հնարավոր թերացումները:
Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է համատեղ աշխատանքի պատրաստակամությունը:










































