Բեռլինում գտնվել է գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի հուշարձանը, որ կորած էր համարվում նացիստների ժամանակներից ի վեր: Ինչպես հայտնվում է Բեռլինում Ամերիկյան ակադեմիայի կայքում (American Academy in Berlin), ուսումնական հաստատության այգում արձանը ճանաչել է տեխասցի Ջեֆֆրի Չիպս Սմիթը:
The Local-ը գրում է, որ ակադեմիայի տվյալների համաձայն` խոսքը Ֆրիդրիխ Սալոմոն Բեերի` «Ալբրեխտ Դյուրերը մանկության ժամանակ» քանդակի մասին է (Albrecht Duerer als Knabe): Ենթադրվում է, որ քանդակը ստեղծվել է 1870-ական թվականներին:
1887 թվականին քանդակը տրվել է Բեռլինի Ազգային պատկերասրահին՝ ավելի ուշ դառնալով Ազգային հին թանգարարնի ցուցանմուշներից մեկը: Այնտեղ քանդակը կանգուն է մնացել մինչև 1940 թվականը, երբ այն նվիրել են նացիստների ֆինանասների նախարարությանը, իսկ նախարար Վալտեր Ֆունկը այն տեղափոխել էր իր առանձնատուն: Պատերազմից հետո քանդակը կորել էր:
Պատճառը, ինչպես նշում է պարբերականը, փաստաթղթերում տեղ գտած անճշտություններն էին: Հետագայում պարզ է դարձել, որ այս ամբողջ ընթացքում քանդակը գտնվել է նացիստական Գերմանիայի ֆինանսների նախարարության նախկին շենքի դիմաց, որտեղ էլ այժմ գտնվում է Ամերիկյան ակադեմիան:
Ակադեմիայի կայքում հաղորդվում է, որ Դյուրերի հուշարձանը հանձնվելու է Ազային պատկերասրահին` վերականգելու համար: 2012 թվականի մայիսի 23-ից մինչև սեպտեմբերի 2-ը Բեերի աշխատանքը «Վաղ Դյուրեր» ցուցասրահի շրջանակներում ցուցադրվելու է Նյունբերգի գերմանական ազգային թանգարանում:








































