Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին հայտարարել է, որ ԱԵԼ-ը հրաժարվել է ՄԱԿ ԱԽ-ին տրամադրել «սիրիական դոսյեն»:
Al-Sharq Al-Awsat թերթին տված հարցազրուցի ժամանակ նա հաստատել է այն տեղեկությունը, որ դեռ «դեկտեմբերի 1-ին եվրոպական 27 երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պահանջել են ՄԱԿ ԱԽ-ին հանձնել «սիրիական դոսյեն», սակայն ինքը հրաժարվել է: Բանակցությունների ժամանակ նա ԵՄ նախարարներին հայտնել է, որ արաբական երկրները «լարված աշխատում են Լիգայի շրջանակներում և փորձում են ԱԵԼ-ի ուժերով լուծել սիրիական ճգնաժամը»:
Գլխավոր քարտուղարը հերքել է ընդդիմության մեղադրանքը, թե ԱԵԼ-ը «Դամասկոսի վերջնաժամկետը երկարաձգում է, այն ժամանակ երբ սիրիական վարչակարգը շարունակում է բռնությունները երկրում»:
Ալ-Արաբիի խոսքերով՝ Դամասկոսի նոր առաջարկին վերջնական պատասխանը «հնարավոր է՝ կտրվի ԱԵԼ ԱԳ նախարարների արտակարգ նիստի ժամանակ», որը տեղի է ունենալու այսօր Կահիրեում: Հանդիպման մասնակիցները քննարկելու են Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման հեռանկարները Դամասկոսի համաձայնությունից հետո:
Դամասկոսը համաձայնել էր արձանագրություն ստորագրել ԱԵԼ-ի հետ` թույլ տալով դիտորդներին ժամանելու Սիրիա, սակայն պահանջել է «չեղյալ հայտարարել բոլոր հակասիրիական որոշումները, որոնք ընդունվել էին Լիգայի կողմից»:
Հիշեցնենք, որ Սիրիայի և ԱԵԼ-ի միջև հիմնական տարաձայնությունները առաջ են այն բանից հետո, երբ Սիրիան հրաժարվել էր թույլ տալ արաբական երկրների դիտորդներին մուտք գործել Սիրիա: Երկուշաբթի Սիրիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ երկրի ԱԳ նախարար Վալիդ Մուալիմը ԱԵԼ գլխավոր քարտուղարին նամակ է ուղարկել, որում հաստատել է սիրաիական կառավարության պատրաստակամությունը` թույլ տալ դիտորդներին ժամանել Սիրիա:








































