Iran News-ի փոխանցմամբ՝ արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ կիրակի օրը Իրանի արևելքում ընկած Lockheed Martin ընկերության արտադրած ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) վայր չի գցվել իրանական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, ինչպես որ նշվում էր ավելի վաղ։
Արևմտյան մամուլը գրում է, որ իրանական կողմն ամերիկյան այդ ԱԹՍ-ին «հարկադրել է վայրէջք կատարել» «Ավտոբազա» կոմպլեքսների միջոցով, որոնք ոչ վաղ անցյալում ստացվել են Ռուսաստանից։
Նշվում է, որ «Ավտոբազա»-ները ներառված են ռադիոէլեկտրոնային ճնշման մոբիլ կոմպլեքսի կազմում և համարվում են իդեալական գործիք՝ հակառակորդի կապի ալիքների մեջ ներթափանցելու համար, որոնք հեռվում գտնվող համակարգչին հնարավորություն են ընձեռում վերահսկել ԱԹՍ-ի ընթացքը։
Հիշեցնենք, որ ամերիկյան NBC հեռուստաալիքի՝ ԱՄՆ պաշտոնատար անձանց շրջանում ունեցած աղբյուրի պնդմամբ, ամենայն հավանականությամբ Իրանում ընկած այդ ԱԹՍ-ն դուրս է եկել ամերիկյան հետախույզների վերահսկողությունից և առաջ շարժվել դեպի Իրանի տարածքի խորքային հատված։ Երբ սպառվել է ԱԹՍ-ի վառելիքը, այն ընկել է Իրանի արևելյան լեռնային հատվածում։








































