Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 5-ին համաձայնեցրել են եվրոգոտում բյուջետային կարգապահությունը խստացնելու նախագիծը՝ հայտարարելով, որ ճգնաժամից արագ դուրս գալու համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել ԵՄ համաձայնագրի մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մերկելը և Սարկոզին հայտնել են, որ իրենց առաջարկը ներառում է եվրոգոտու երկրների օգնության հիմնադրամի վաղ թողարկում և ավտոմատ պատիժ կառավարությունների համար, որոնք չեն կարողացել բյուջեների դեֆիցիտը պահել վերահսկողության տակ:
«Մենք կանցլերի հետ միասին ցանկանում ենք ամբողջ աշխարհին ասել, որ Եվրոպայում այսպիսի սկզբունք է գործում. մենք վերադարձնում ենք պարտքերը, կրճատում ենք դեֆիցիտը, վերակենդանացնում ենք աճը»,- Փարիզում երկու ժամ տևած բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սարկոզին:
Մերկելն է իր հերթին նշել է, թե այդ ծրագիրը ցույց է տալիս, որ իրենք վճռական են պահպանելու եվրոն՝ որպես կայուն արժույթ և եվրոպական կայունության կարևորագույն ֆակտոր:











































