«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Էռատո» սրահում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը հրավիրել էր ԳՄՀԸ հայաստանյան ղեկավար Ջեյմս Մաքբեթ Ֆորբսի և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի համատեղ մամլո ասուլիսը:
Ջեյմս Մաքբեթ Ֆորբսը նշեց, որ ֆորումը կոչվում է «Կանաչ տնտեսություն», և դրա վերաբերյալ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը բավական խորն է: Նա կարևորեց երկրում բնապահպանական ոլորտում աշխատանքները, այդ ոլորտում կատարվող ներդրումները:
Հանս-Յոխեն Շմիդտը նշեց, որ Գերմանիան ներդրումներ է կատարել այլընտրանքային էներգետիկայի ոլորտում, և խոշոր ընկերություններ են այս գործընթացում ներգրավված: «1977-ից, երբ սկսեցի զբաղվել արտաքին քաղաքականությամբ, մեզ բացատրեցին, որ տնտեսական զարգացումը կապված է այդ ոլորտի հետ»,- նկատեց դեսպանը:
Գերմանիայի դեսպանի խոսքով՝ հայ-գերմանական ծրագրերի շրջանակներում աջակցում են հատուկ բնական ռեսուրսների պահպանմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին: Հանս-Յոխեն Շմիդտը նշեց, թե փորձում են հասկացնել, որ աղբահանության ոլորտում այժմ ներդրումներ անելով՝ ավելի մեծ շահեր կստանան ապագայում: Նա գոհունակություն հայտնեց, որ Թեղուտի և Թռչկանի Ջրվեժի հարցում ՀՀ իշխանությունները զիջման գնացին. «Դամ ՀՀ վարչապետի որոշումն էր»:
«Կանաչ տնտեսության» ոլորտում այժմ ներդրումներ անելը միայն տնտեսական զարգացում չի ենթադրում,- նկատեց Ջեյմս Մաքբեթ Ֆորբս:
Տասը րոպեանոց ասուլիսից հետո մեկնարկեց ֆորումը, որում աշխատանքային խմբերը ներկայացնում են ոլորտի վերաբերյալ տարբեր թեմաների շուրջ իրենց դիտարկումները:









































