Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հրաժարվել է «2011 թվականի լավագույն ֆուտբոլիստ»–ի կոչումից: Վարչապետն առաջին տեղն է գրավել երկրպագուների քվեարկության արդյունքում՝ համարյա երկու անգամ գերազանցելով բուլղարական ֆուտբոլի աստղ Դիմիտրա Բերբատովին: Այս մասին հաղորդում է Novinite տեղեկատվական գործակալությունը:
«Ես այսպիսի քվեարկությունը ընկալում եմ որպես բողոք»,- հայտարարել է Բորիսովը: Ըստ նրա՝ երկրպագուների նման քվեարկությունը կապված է բուլղարական ֆուտբոլում առկա ճգնաժամի հետ: Վարչապետն առաջարկել է վերացնել քվեարկության արդյունքները:
Բոյկո Բորիսովը խաղում է բուլղարական երրորդ լիգայում հանդես եկող «Վիտոշա» ակումբում: Քվեարկության արդյունքում նա հավաքել է 3501 ձայն՝ այն դեպքում, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Բերբատովը հավաքել է 1955 ձայն: Ընդհանուր առմամբ՝ մրցույթին մասնակցել է 20 ֆուտբոլիստ:











































