ՀՀ կառավարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Բրյուսել կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Քննարկումների առանցքում եղել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների և համատեղ ծրագրերի վերաբերյալ հարցերը:
Տ. Սարգսյանը նշել է, որ մեր երկիրն ամբողջությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները, «իրականացնում լուրջ և հավակնոտ բարեփոխումների ծրագիր»։
«Օրինակ` երեկ հանրության դատին ներկայացրնք արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգը, որն իրականացնում ենք ՀԲ-ի օժանդակությամբ: Այն քննարկեցինք քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ` բաց խորհրդակցության ձևաչափով»,- ասել է վարչապետը` ընդգծելով, որ Հայաստանն ակնկալում է ԵՄ աջակցությունը` խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացման հարցում։
«Կարծում եմ, որ մենք շատ արդյունավետ աշխատանք ենք կատարում` ՀՀ-ԵՄ հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում»,- ասել է Ֆյուլեն։
Անդրադառնալով ԵՄ- Հայաստան հարաբերություններին՝ Շ. Ֆյուլեն հայտնել է, որ ուրախ է տեսնել նոր ու հավակնոտ բարեփոխումներ:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի վերակառուցման խնդիրներին, այդ նպատակով մեր երկրին տրամադրվելիք հնարավոր ֆինանսական օժանդակությանը:
Քննարկվել են անցագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններին, ԵՄ մակրոֆինանսական աջակցությանը, Հայաստանում բարեփոխումների նոր օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ օժանդակության ընդլայնման հնարավորությունները:
Տ. Սարգսյանը և Շ. Ֆյուլեն արձանագրել են, որ առաջընթաց է գրանցվել երկկողմ քաղաքական երկխոսության ոլորտում:
Նշելով, որ առկա է ՀՀ-ԵՄ երկխոսության նոր պլատֆորմ, որով Հայաստանը ներկայացրել է 33 ուղղություններով միջոցառումներից կազմված բարեփոխումների նոր օրակարգը, զրուցակիցները կարևոր են համարել դրա ներդաշնակեցումն ու իրականացումը` որպես մեկ միասնական փաթեթ:
Շ. Ֆյուլեի հետ հանդիպումից առաջ Տիգրան Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբայի հետ, քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին անռչվող հարցեր։
Այսօր սպասվում են Տ. Սարգսյանի հանդիպումները Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի և Եվրահանձնաժողովի զարգացման և համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիայիդիսի հետ:








































