Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան ուսումնասիրում են Սիրիային օգնություն ցուցաբերելու ուղիները, եթե այդ երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բողոքները հանգեցնեն նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականին։ Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը։
Վերջինս, սակայն, ընդգծել է, որ իրենք չեն քննարկել տվյալ ուղղությամբ կոնկրետ քայլեր. «Շատերը կարծում են, որ Ասադի ռեժիմի գահընկեցությունը կարող է միջկրոնական բախումներ առաջացնել սուննիների ու շիաների միջև, այդ թվում՝ նաև Սիրիայի սահմաններից դուրս։
Մեր քննարկումների իմաստն այն է, որ հնարավոր լինի խուսափել Սիրիայի շրջանակներից դուրս այդ մեծ հրդեհի տարածումից, և որ հնարավոր լինի դրա տեղայնացումը բուն Սիրիայում»։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին Անկարայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ու Բայդենի հանդիպումից հետո թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ հանդիպման ժամանակ կողմերը չեն քննարկել Սիրիայում միջազգային բուֆերային գոտու ձևավորման հարցը։









































