Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իզմիրում տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Էգեյան ծովում։ Ժամը 10.17-ին գրանցված երկրաշարժն ունեցել է 5.1 մագնիտուդ ուժգնություն։
Այն զգացվել է նաև Ստամբուլի մի շարք շրջաններում։ Ապա գրանցվել են ևս երեք, սակայն ավելի թույլ ցնցումներ. ժամը 10.30-ին՝ 4.2, 10.34-ին՝ 2.6 և 10.42-ին՝ 3.7 մագնիտուդ ուժգնությամբ։
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայում իր աշխատանքներն է սկսել Ստամբուլի բոլոր շենքերի սեյսմակայունությունը ստուգող հատուկ հանձնաժողովը։ Վերջինս պետք է պարզի, թե երկրաշարժի դեպքում որ շենքերը կարող են փլուզվել։
Հանձնաժողովի անդամները, ըստ առաջնահերթության, զննումներ են անցկացնում Ստամբուլի տարբեր շրջաններում, քանի որ անհնար է միաժամանակ 1.6 միլիոն շենքի զննումը։









































