Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը Ej էլեկտրոնային ամսագրի իր բլոգում գրում է.
Ռուսաստանում ավարտվեցին պետդումայի ընտրությունները: Ինչպես և սպասելի էր, ինտերնետը և հեռուստատեսությունը իրարից հարյուր ութսուն աստիճանով տարբեր ռուսաստաններ ցույց տվեցին: Ես կարճ ժամանակահատվածում համացանցով երեսուն նյութ դիտեցի, թե ինչպես են Ռուսաստանի տարբեր մարզերում լցոնումներ անում Պուտինի կուսակցության օգտին: Ժպտացող իշխանավորներին, գոհ ու շնորհակալ քաղաքացիներին և պարապությունից ձանձրացող իրավապահներին էլ, բնականաբար, ցույց տվեցին հեռուստաընկերությունները: Ռուս ժողովուրդը մեծ ժողովուրդ է և շատ ծանր է նայել, թե ինչպես են մեծ ժողովրդին ստորացնում մանր չինովնիկները:
Կրկին նախագահ դառնալու իր ցանկությունը Պուտինը հիմնավորեց շատ բարձրագոչ թեզերով՝ ժամանակակից հասարակություն, բարձր տեխնոլոգիաներ, առաջադեմ գիտություն, արժանապատիվ կյանք: Ինչ խոսք, լավ սկիզբ է:
Չեմ կասկածում, վաղը ՛՛Եդինայա Ռոսիայի՛՛ խոսնակը կասի, որ կեղծիքներ եղել են, բայց դրանք էական ազդեցություն չեն ունեցել վերջնարդյունքի վրա, որ ընդդիմությունը չի ընտրվել, դրանից էլ չարացած է, որ բոլոր խախտումները ուղարկվել են դատախազություն և հիմա իրենք նստած սպասում են իրավապահների գնահատականին, որ բացասական գնահատող հասարակական կազմակերպությունները գրանտակերներ են, որոնց ուղղորդում է Արևմուտքը՝ Ռուսաստանը քայքայելու համար: Որ հարյուր տոկոսանոց մաքուր ընտրություններ ոչ մի տեղ չեն լինում:
Ռուսաստանին մենք երբեք չենք կարող անցնել ոչ ուժով, ոչ էլ փողով: Բայց քաղաքակրթությամբ կարող ենք: Եթե մեր ապագա խորհրդարանական ընտրությունները մեկ քայլ առաջ լինեն, եթե ինտերնետի և հեռուստատեսության ցույց տվածի տարբերությունը հարյուր ութսուն աստիճան չլինի, եթե իշխանությունը նման ձևով չնվաստացնի թե իրեն, թե ժողովրդին: Արժանապատվությունը պետության, հասարակության, մարդու կամ սկիզբն է, կամ ավարտը: Հեռուստատեսությունը՝ դեռ չգիտեմ, բայց ինտերնետը հաստատ ցույց կտա:









































