Ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում շարունակում են կուտակված մնալ մոտ 250 բեռնատարներ, երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Վահագն Բադալյանը` խոսելով Վերին Լարսի անցակետում առաջացած բեռնակուտակման շուրջ:
Ըստ Վ. Բադալյանի` մեքենաները դեռևս կանգնած են և առաջ շարժվելու հնարավորություն չունեն: Նա հույս հայտնեց, որ առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում փոփոխություններ կլինեն, քանի որ մաքրման աշխատանքները հայաստանյան կողմի ուժերով շարունակվում են:
«Մեր ասոցիացիան ունի փոխադրողներ, որոնք իրենց շարժակազմով կանգնած են Ռոստովից մինչև Վերին Լարսի սահմանային անցակետ: Խոսքը շուրջ 250 մեքենայի մասին է: Նրանք բոլորը հենց սահմանային անցակետում չեն կանգնած, այլ կանգնած են մինչև Դոնի Ռոստով, Պյատիգորսկ»,- նշեց ասոցիացիայի գլխավոր քարտուղարը` հավելելով, որ առաջ շարժվելն իմաստ չունի, այդ պատճառով այժմ սպասողական վիճակ է. սպասում են, որ ճանապարհը բացվի կամ այլընտրանք գտնեն այդ բեռները տեղ հասցնելու համար:
«Առաջին լրատվական»-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից նաև տեղեկացրին, որ այժմ Վրաստանում հայ և վրացի մասնագետների միջև քննարկումները շարունակվում են, որպեսզի մի լուծում գտնեն խցանումը վերացնելու ուղղությամբ: Նշենք, որ այս անցակետը մեծ մասամբ օգտագործվում է հայկական բեռնափոխադրումների համար, և վերջին երկու տարվա ընթացքում են նմանատիպ խնդիրներ առաջանում:
Նախնական տեղեկությունների համաձայն` Վերին Լարսի անցակետում խցանված են «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության բեռնատարները և Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի փոխադրողների բեռնատարները:
Նախօրեին «Առաջին լրատվական» զրուցեց Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդի հետ: Նրան նախ հարցրինք, թե Սերժ Սարգսյանի` օրերս Թբիլիսի կատարած այցի ժամանակ հայկական կողմը բարձրացրե՞լ է այս հարցը: «Հայկական կողմը բարձրացրեց այս խնդիրը: Այդ անցակետը գտնվում է 850-900 մետր բարձրության վրա, իսկ Լարսից, Կազբեկից երբ գնում ես դեպի Թբիլիսի` ճանապարհը բարձրանում է մինչև 2200 մետր: Այդ տարածքը 70 կիլոմետրից ավելի է, այսինքն` կլիմայական գոտին ամբողջովին ուրիշ է, և իհարկե, այնտեղ մեծ մասշտաբների ձյուն է տեղացել: Ի դեպ, ասեմ, որ նախագահ Սարգսյանի այցից մեկ օր առաջ Վրաստանի տարածքում մեծ տեղումներ եղան, Խեթայից մինչև Գորի, Խաշուրի, այդ տարածքը վեց ժամ անգամ փակված է եղել, համարյա 200 բեռնատարներ կանգնած էին:
Այդ ճանապարհին մի մետրանոց անցումներ են թողել, որպեսզի կարողանան անցնել մեկական մեքենաներ: Եթե խոսքը բեռնատարների մասին է, ապա պատկերացրեք, եթե դրանք էլ անցնեն` ինչ խցանում կստեղծվի, և այդ պարագայում արդեն մեքենաներին օգնել հնարավոր չի լինի: Ահա այդ պատճառով է ստեղծվել նման իրավիճակ: Հայկական կողմը վերջին բանակցություններին դիմեց այս հարցով վրացական կողմին և վրացական կողմից ստացավ համապատասխան պարզաբանում»,- նշեց Վան Բայբուրդը:
Վրաստանի նախագահի խորհրդականը վստահեցրեց, որ Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև իսկապես անկեղծ և փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ են, և արդեն երկու-երեք տարի է անվստահության մթնոլորտ գոյություն չունի. «Բացառվում է, որ Վրաստանը միտումնավոր քայլ անի, դա միայն կարող է անել մեր թշնամին»: Այսինքն` հերթական անգամ համակարգի ռուս պատասխանատուները թյուրիմացություններ են փորձում ստեղծել` մեղադրելով վրացական կողմին, իսկ հայաստանյան ԶԼՄ-ներն էլ երբեմն գիտակցաբար, թե ոչ` ռուսական ջրաղացին են ջուր լցնում:







































