Մինչ ՀՀ առողջապահության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում ծնելիության բարձրացման ուղղությամբ, Հայաստանում յուրաքանչյուր տարի ծնողների կամքով ընդհատվում է 8 հազար 500 մանկան ճիչ: Այնինչ միջին հաշվով տարեկան ծնվում է 43 հազար երեխա: Իսկ ինքնաբեր վիժումների թիվը հասնում է 3 հազար 500-ի:
Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությամբ հղիության արհեստական ընդհատումները օրինականացվել են 1990թ.-ին: Իսկ 2004-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց և հաստատեց հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները: Որոշման համաձայն` հղիության արհեստական ընդհատում կինը կարող է կատարել իր ցանկությամբ մինչև 12 շաբաթական ժամկետը: Սակայն, երբ կան բժշկական ցուցումներ երեխայի արատի մասին կամ եթե հղիությունը և մոր առողջությունը անհամատեղելի են, այս դեպքում բժիշկների կողմից է դրվում հղիության արհեստական ընդհատման հարցը մոր կյանքը փրկելու համար:
Համեմատության համար նշենք, որ 1990թ. 40 հազար հղիության արհեստական ընդհատում է գրանցվել: Բնականաբար, այստեղ պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ 90-ին ազգաբնակչությունը կիսով չափ ավելի էր: Ինչևէ, հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց ընդամենը 20 տոկոսն է դիմել հղիության արհեստական ընդհատման սոցիալական և կենցաղային պայմաններից ելնելով: Մնացած 80 տոկոսը նշել է, որ իրենք ավելի բարեկեցիկ պայմաններ են ցանկանում իրենց երեխայի համար: Կանանցից ոմանք էլ հղիությունը ընդհատում են ուսման, կարիերայի համար կամ գտնում են, որ մեկ, երկու երեխան բավական է: Միակ ուրախալի հանգամանքը այն է, որ շատ քիչ կանայք են հղիության արհեստական ընդհատման գնում առաջին երեխայի դեպքում:
Նրանք սովորաբար հղիությունը ընդհատում են երկրորդ երեխայից հետո: Որքան էլ այս թվերը ի վնաս մեր երկրի շահերի են և դեմոգրաֆիկ խնդրի առաջ են կանգնեցնում ազգաբնակչությանը, դա չի նշանակում, որ համապատասխան արգելքի դեպքում կանայք հղիության արեստական ընդհատման չէին դիմի: Ի դեպ, Հայաստանում սեռական ակտիվությունը գյուղերում ավելի բարձր է, ինչի արդյունքում գյուղերում և հղիության արհեստական ընդհատումն է ավելի մեծ թիվ կազմում, քան մայրաքաղաքում, և ծնելիությունը:
Վերը նշված վիճակագրական թվերին մեզ ծանոթացրեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ բ.գ.դ. դոցենտ Գայանե Ավագյանը: Մեր այն հարցին, թե հղիության արհեստական ընդհատումները կնոջ առողջության վրա հետագայում ի՞նչ ազդեցություն կարող են թողնել` նա պատասխանեց. «Եթե արվում է փոքր ժամկետում և բժիշկների հսկողության տակ, անվտանգ է: Սակայն հղիության արհեստական ընդհատումը կարող է հետագա չբերության պատճառ դառնալ»: Հատկապես այն դեպքում, երբ այսօր շատ տարածված է նաև հղիության դեղորայքային արհեստական ընդհատումը: Դա, Գ.Ավագյանի խոսքերով, չափազանց վտանգավոր է:
Նշենք, որ հղիության արհեստական ընդհատումը, առանց անզգայացման, արժե 15 հազար դրամ, իսկ անզգայացմամբ` 25 հազար: «Երկու աղջիկ ունեմ և ցանկանում էի տղա ունենալ: Երբ պարզվում էր, որ հերթական երեխան աղջիկ էր, հղիությունս ընդհատում էի հիմնականում դեղորայքային եղանակով` մինչև որ արգանդս հեռացրեցին: Արդյունքում զրկվեցի հերթական անգամ մայրանալուց: Բայց նաև հասկանում եմ, որ մեղավորությունը իմն է, քանի որ եթե ինֆորմացված լինեի վտանգների մասին, չէի դիմի այդ քայլին»,- անկեղծացավ մի կին: Հետևաբար անցանկալի հղիությունից ավելի լավ է պաշտպանվել, քան գործը հասցնել հղիության արհեստական ընդհատման
Այնինչ Հայաստանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ կանայք խուսափում են հակաբեղմանավորիչներից` մտավախություն ունենալով, որ այն կարող է քաղցկեղի և գիրության պատճառ դառնալ: Արդյունքում` հայ կանանց միայն 20 տոկոսն է օգտագործում հակաբեղմնավորիչներ: «Այսօր արդեն ապացուցված փաստ է, որ հակաբեղմնավորիչները կնոջ առողջության պահպանման համար են, ոչ թե վնասում են այն», – վստահեցրեց Գ.Ավագյանը:
Առողջապահության ներկայացուցչից հետաքրքրվեցինք, թե իրենք ինչ միջոցառումներ են ձեռնարկում, որ կանայք չգնան հղիության արհեստական ընդհատման: Նրա խոսքերով` այսօր բոլոր բուժհաստատություններում և տարածքային պոլիկլինիկաներում ՄԱԿ-ի հովանավորությամբ մինչև 2012թ.-ի համար բավականին մեծ չափով հակաբեղմնավորիչներ են ձեռք բերվել: Միջոցառումների արդյունքում կանանց հետ կոնսուլտացիաներ են անցկացվում, քանի որ մեծ է նաև նրանց շրջանում ինֆորմացիայի պակասի դերը:









































