«Որքանո՞վ է երաշխավորված, որ ևս մի Դաշնակցություն չի հայտնվի, որ կհայտարարի, թե դուրս է գալիս կոալիցիայից: Չեմ հերքի նաև այն, որ կլինի նաև մեկը, ով կհայտարարի, որ մտնում է կոալիցիայի նոր կազմ»,- ընդգծեց քաղաքագետն ու հավելեց, որ եթե մենք ունենայինք իսկական կուսակցություններ, ոչ թե ակումբներ, ապա կարելի էր սպասել, որ և՛ հակասությունները, և՛ հարթությունները շատ արագ կկարգավորվեին: «Եթե մենք ընդունենք, որ Հայաստանի քաղաքական ուժերը, որոնք իսկապես զարգացած են ու կայացել են որպես հզոր կուսակցություններ, ապա չենք զարմանա, երբ վաղը կոալիցիայի կազմը կա՛մ պակասի, կա՛մ ավելանա»:
Նա հիշեց պատմական մի դեպք, երբ իշխող կոալիցիայի կազմում տեղի ունեցան որոշակի փոփոխություններ, և խոստովանեց, որ իրականում`դեռևս այն ժամանակ, ինքը թերահավատորեն է տրամադրված եղել Դաշնակցության նմանատիպ հայտարարությանը: «ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն կդադարեցնեն իրենց համագործակցությունը: Սակայն գալիք ընտրություններում նրանք կրկին կհարթեն իրենց հակասությունները, որովհետև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գործարար մարդ է ու հասկանում է, որ չպետք է լինեն խոչընդոտներ: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա նրանք պետք է հրաժարվեն պետական լծակներից»,- ընդգծեց բանախոսն ու նկատեց, որ ՀՀԿ-ն մյուս կուսակցությունների հետ կփորձի իր հարաբերությունները զարգացնել:









































