Բաղդադը դեմ է Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ մտցնելուն: Այս մասին հաղորդում է իրաքյան Al-Sabah թերթը՝ վկայակոչելով երկրի վարչապերտ Նուրի Մալիքիի հայտարարությունը:
Միջազգային տնտեսական պատժամիջոցները և շրջափակումը, որոնք կիրառվում էին Իրաքի դեմ Սադամ Հուսեյնի քաղաքականության պատճառով, Ալ-Մալիքիի խոսքերով, «վնաս էին ոչ թե նախկին վարչակարգին, այլ իրաքցի ժողովրդին»:
«Մենք հրաժարվում ենք տնտեսական պատժամիջոցներ մտցնել ցանկացած այլ երկրի դեմ՝ անկախ պատճառներից: Քանի որ դրանք ազդեցություն են ունենում ոչ թե վարչակարգերի, այլ ժողովրդի վրա»,- ասել է նա՝ մեկնաբանելով Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ)՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցներ մտցնելու որոշումը:
«Այն երկրները, որոնք կարծում են, թե իրենք հեռու են տարածաշրջանում փոթորկվող փոփոխությունների հոսանքներից, կարող են հայտնվել հենց փոթորկի կենտրոնում»,- կարծում է վարչապետը:
ԱԵԼ պատժամիջոցները նախատեսում են դադարեցնել օդային հաղորդակցությունը Սիրիայի հետ, արգելել Սիրիայի պաշտոնական անձանց մուտքը կազմակերպության անդամ երկրներ, դադարեցնել բոլոր գործարքները Սիրիայի կենտրոնական և առևտրային բանկերի հետ, սառեցնել Սիրիայի վարչակարգի ֆինանսական հաշիվները, ներդրումային նախագծերը և կառավարության հետ առևտրային պայմանագրերը:









































