Եթե պաշտոնական Բաքուն իրոք շահագրգիռ է միջհամայնքային երկխոսության կազմակերպման հարցում, ապա նա առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկի կազմակերպելու համար միջհամայնքային երկխոսություն Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի և Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների միջև:
Դա բարոյական իրավունք կտա Ադրբեջանի ղեկավարությանը դիմելու Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը` նույնպես նախաձեռնելու միջհամայնքային երկխոսություն:
«Արմենպրես» լրատվական գործակալության` ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտոնյաների փորձերը միջհամայնքային երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հավասարազոր հարթության վրա դնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության հետ հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ՀՀ փոխարտգործնախարարը հավելել է, որ hայկական կողմերը մեծապես կարևորում են վստահության միջոցների ամրապնդման խնդիրը, որը բազմաթիվ տարրերից բաղկացած ամբողջական փաթեթ է:
«Այդ տարրերից են ժողովուրդների միջև ատելություն և թշնամանք սերմանող պետական քարոզչությունից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը, հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգության ոչ թե ոչնչացումը, այլ պահպանումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը, շփման գծից դիպուկահարների ետքաշումը, տարբեր ոլորտներում համագործակցության, ինչպես նաև հասարակությունների տարբեր խմբերի միջև շփումների և երկխոսության խթանումը»,- հայտարարել է Շ. Քոչարյանը` նշելով, որ Ադրբեջանը ընտրովի է մոտենում առկա խնդիրներին, առանձնացնելով ամեն ինչից իրեն ձեռնտու տարրերը և աղավաղելով խնդրի բուն էությունը` ի վնաս թե՛ համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ վստահության մթնոլորտի ձևավորմանը, թե՛ բուն կարգավորման գործընթացին:
«Դրա վկայությունն է Մադրիդյան սկզբունքների ընտրովի և աղավաղված մեկնաբանությունը, որը հանգեցրեց Ադրբեջանի ղեկավարության կողմից Մադրիդյան առաջարկությունների համաձայնեցման տապալմանը Կազանում»,- ընդգծել է ՀՀ փոխարտգործնախարարը:










































