Iran News-ի փոխանցմամբ՝ Իրանն ու Ադրբեջանը հայտարարել են հիդրոէներգետիկայի ոլորտում երկկողմանի համագործակցության ընդլայնման իրենց պատրաստակամության մասին։
Իրանի՝ ջրային պաշարների գծով էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Ռեզա Ատարն Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ժամանակ կողմ է արտահայտվել ջրօգտագործման ու հիդրոէլեկտրակայանների կառուցման ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման օգտին։ Դա մասնավորապես վերաբերում է սահմանային Արաքս գետին։
Խալաֆովն իր հերթին կարևորել է Արաքս գետի վրա «Խոդա Աֆերին» ամբարտակի համատեղ կառուցման ու շահագործման հանձնման վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ կնքումը։ Խալաֆովի խոսքերով, երկու երկրները հաջողությամբ համագործակցում են Արաքս գետի ջրային ու էներգետիկ պոտենցիալի օգտագործման հարցում՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շահագրգռված է տվյալ ոլորտում համագործակցության ընդլայնմամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը ցանկություն էր հայտնել Ուրմիա լճի չորացման կանխման համար օգտագործել Արաքս գետի ջրերը, ինչն անհանգստացրել էր Ադրբեջանին։










































