Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր համաներել է վրացական բանտում պահվող իսրայելցի երկու գործարարներին՝ Ռոնի Ֆուքսին ու Զեև Ֆրենկելին։ Այս մասին հայտարարել է Սաակաշվիլիի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն։
Վերջինիս խոսքերով, Սաակաշվիլիի քայլը պայմանավորված է Իսրայելի նախագահի համապատասխան խնդրանքով։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ին Թբիլիսիի դատարանն իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուքսին և Զեև Ֆրենկելին մեղավոր ճանաչեց պաշտոնատար անձին կաշառելու փորձի համար:
Նրանք ձերբակալվել էին 2010 թվականի հոկտեմբերի 14-ին Բաթում քաղաքում և մեղադրվում էին Վրաստանի ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարաիձեին 7 միլիոն դոլար կաշառք տալու մեջ:
Ֆուքսը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման և 500,000 վրացական լարի (295,000 ամերիկյան դոլար) տուգանքի, իսկ Զեև Ֆրենկելը` 6.5 տարի ազատազրկման ու 100,000 վրացական լարի (60,000 ամերիկյան դոլար) տուգանքի:









































