ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը (Սենատ) հաստատել է 2012թ. Պենտագոնի բյուջեն` 622 մլրդ դոլար: Ինչպես հաղորդում է The New York Times թերթը, փաստաթուղթն այժմ պետք է ներկայացվի Կոնգրեսի համաձայնության հանձնաժողովի հաստատմանը, որից հետո այն կստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսին խնդրել էր 2012թ. ֆինանսական տարվա համար Պենտագոնին .ատկացնել 721.3 մլրդ դոլար: Ընդհանուր գումարի մեջ ներառված է ինչպես բազային բյուջեն, այնպես էլ լրացուցիչ ծրագրերին և դրսում գործողություններ իրականացնելուն հատկացվող գումարները:
Բյուջեն ընդունվել է մի շարք փոփոխություններով: Մասնավորապես, դրանք հնարավորություն են տալիս ԱՄՆ տարածքի զինվորական բանտերում պահել ահաբեկչության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացիներին: Բացի այդ, կուժեղանա Իրանի Կենտրոնական բանկի հետ գործարքներ կատարող արտասահմանյան ընկերությունների վրա հսկողությունը:
Բյուջեի նախնական նախագծում ԱՄՆ վարչակազմը խնդրում էր արտասահմանում ռազմական գործողությունների իրականացման համար տրամադրել 118 մլրդ դոլար: 2010թ. և 2011թ. Ֆինանսական տարում այդ պատերազմների համար տրամադրված ընդհանուր գումարը 130 և 160 մլրդ դոլար էր: Ջորջ Բուշի կառավարման տարիներին պատերազմների համար ծախսվում էր տարեկան 180 մլրդ դոլար:
Բացի այդ, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նոր ֆինանսական տարում հույս ունի տնտեսել 13 մլրդ դոլար՝ պահանջարկ չունեցող զենքի և տեխնիկայի վրա աշխատանքները դադարեցնելու հաշվին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ը 10 տարվա ընթացքում իր ռազմական բյուջեն կկրճատի 350 մլրդ դոլարով:









































