«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» լրջորեն մտահոգված է ՀՀ հեռուստաալիքներով շրջանառվող հեռուստասերիալներով:
Կոալիցիան «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ պահի հրամայական է դարձել անդրադառնալ հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալներին ու սին գաղափարախոսությանը:
«Ներկայիս հեռուստասերիալները ողողված են բռնություններով, բռնությունը քարոզող դրվագներով ու արտահայտություններով, և բռնության այդ դրսևորումները հիմնականում կիրառվում են կանանց և աղջիկների հանդեպ:
Գրեթե բոլոր սերիալներում կնոջ իրավունքները ոտնահարված են, հայ կնոջ կերպարը` ծայրահեղ ցածրացած:
Կնոջը ծեծելը, հրապարակայնորեն նվաստացնելը և հայհոյելը դարձել են հայկական հեռուստասերիալների անբաժան ուղեկիցը` դիտող ընտանիքների ներսում նույնատիպ պահվածքը և վարվելակերպը դարձնելով սովորական, չդատապարտվող երևույթ»,- հայտարարում են կոալիցիայի անդամները:
Հաշվի առնելով վերոնշյալը`«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր հեռուստաընկերություններին և պատկան մարմիններին լուրջ մոտենալ խնդրին և ձեռնարկել համապատասխան քայլեր հեռուստասերիալներում տեղ գտած բռնության երևույթների վերացման ուղղությամբ:
Այս մտավախության մասին կոալիցիան պաշտոնական նամակով տեղեկացրել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, որի լիցենզավորման և մեթոդական վարչության իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետից պատասխան է ստացել, որ «2010թ. Հունիս 28-ին ուժի մեջ է մտել «Հեռուստատեսությանև ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 22-րդ հոդվածի համաձայն` էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանվում են օրենքով:
Համապատասխան օրենքը դեռևս չի ընդունվել, և այդ օրենքը ընդունելուց և ուժի մեջ մտնելուց հետո միայն հանձնաժողովի կիրականացնի իր վերահսկողական գործառույթները»:









































