Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին որոշել է փոխզիջման գնալ։ Թեև նա չեղյալ չի հայտարարել Հարավային Օսիայի Գերագույն դատարանի այն վճիռը, որով չեղյալ են հայտարարվել նախագահական ընտրությունների արդյունքները, նա կարևորել է հաջորդ տարվա մարտի 25-ին կայանալիք ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Ալլա Ջիոևայի մասնակցությումը։
Հիշեցնենք, որ Գերագույն դատարանի վճռմամբ Ջիոևան իրավունք չունի մասնակցել այդ ընտրություններին, քանի որ կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ նրա թիմն աչքի է ընկել ընտրախախտումներով։
Կոկոյտին հայտարարել է. «Ես կարծում եմ, որ Ալլա Ջիոևան պետք է հնարավորություն ստանա՝ մարտյան ընտրություններում սեփական թեկնածությունն առաջադրելու համար։ Դա իմ անձնական կարծիքն է։ Վերջնական խոսքը պատկանում է Հարավային Օսիայի Գերագույն դատարանին։ Ես նաև խոստանում եմ, որ բոլոր այն անձինք, ովքեր հանդիսանում են Ջիոևայի համակիրները, չեն ենթարկվի հալածանքների»։
Սակայն Ջիոևան հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել հաջորդ տարվա կրկնակի ընտրություններին, քանի որ կիրակնորյա ընտրությունների արդյունքներով հաղթել է հենց ինքը. «Ընտրացուցակներում ընդգրկված 38,000 անձանցից 17,000-ը նոյեմբերի 27-ին քվեարկել է իմ օգտին։ Նրանք ինձ միանշանակ հայտնել են, որ այլևս չեն քվեարկի ոչ ոքի օգտին»։
Հիշեցնենք, որ կիրակնօրյա ընտրություններից հետո Ջիոևան իրեն հռչակել էր Հարավային Օսիայի նախագահ և ձևավորել պետխորհուրդ։










































