Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել ընդլայնել Ստամբուլի Հունաց պատրիարքարանի իրավունքները։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Սյուզան Ջոնսոն Կուկը ԱՄՆ Կոնգրեսում ունեցած կրոնական ազատությունների վերաբերյալ իր ելույթում հաստատել է ամերիկյան կառավարության այն մտադրությունը, որն առնչվում է Թուրքիայի Հունաց պատրիարքարանի խնդիրների լուծմանը.
«ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարն առաջնահերթ են համարում Ստամբուլի Հունաց պատրիարքարանի ունեցած խնդիրների կարգավորումը։ Մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքին՝ մինչև այդ խնդիրների լիովին վերացումը»։
Նշվում է, որ դրանից օրեր առաջ մի շարք հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, կրոնական գործիչներ, 89 սենատորներ ու 291 կոնգրեսականներ նամակ էին հղել նախագահ Բարաք Օբամային, որպեսզի նա աջակցի Ստամբուլի Հունաց պատրիարք Բարդուղեմիոսին։
Նրանք ընդգծել են, որ տասնամյակների ընթացքում Ստամբուլի Հունաց պատրիարքարանի վրա Թուրքիայի գործադրած ճնշումը չի թուլացել՝ չնայած մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Թուրքիայի ստանձնած պարտավորություններին։
Հիշեցնենք, որ այս հարցը քննարկվելու է Ջոզեֆ Բայդենի եռօրյա թուրքական այցի շրջանակներում, որն արդեն իսկ մեկնարկել է։










































