Շվեյցարիայում հրդեհել են Լե Շաբլ գյուղի կաթողլիկ եկեղեցին` դրա համար օգտագործելով եկեղեցական գրքերը: Ինչպես հաղորդում է Наша Швейцария ռուսալեզու թերթը, չարագործը Աստվածաշունչը և աղոթագրքերը շարել է խորանի շուրջբոլորը և հրդեհել:
Փայտե խորանը և բեմն ամբողջությամբ մոխրացել են, մինչդեռ եկեղեցին, շնորհիվ ժամանակակից հակահրդեհային ազդանշանների, գրեթե անվնաս է մնացել: Դեպքի վայր հասած հրշեջները արագ հանգցրել են կրակը:
Եկեղեցու հոգևոր ծառայողը նշել է՝ թեև ապշած է, որ որոշ մարդկանց մտքով կարող է անցնել եկեղեցի հրդեհել, սակայն հակված է այն կարծիքին, որ այդ ակցիան ուղղված է եղել քրիստոնեության դեմ:
Հետաքննության արդյունքում բերման է ենթարկվել 17-ամյա մի դեռահաս, որը, պարզվել է, հրդեհելու ժամանակ եղել է ալկոհոլի ազդեցության տակ։








































