Ռուսական Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի երեկ հնչեցրած այն հայտարարությանը, թե 2008 թվականի օգոստոսի վրացական օպերացիան անհրաժեշտ էր ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելու տեսանկյունից.
«Մեդվեդևն առաջինը չէ, որ հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով։ Մինչ այս այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել նաև Ռոգոզինը (ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ)։ Կրեմլի ներկայացուցիչները պնդում են, որ դրանով Վրաստանին ետ են պահում ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհից։
Սակայն Ռուսաստանին չհաջողվեց 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ իրագործել իր հետապնդած նպատակները։ 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, սպանեց մոտ 500 խաղաղ բնակչի, ռմբակոծեց քաղաքներ, ոչնչացրեց ենթակառույցները։
Դժբախտաբար, մենք անկանխատեսելի երկրի հարևան ենք, որը հստակ պատկերացում չունի ո՛չ իր ներքին խնդիրների, ո՛չ էլ իր արտաքին քաղաքականության մասին։ Բնականաբար, չի կարելի բացառել Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի նոր ռազմական ագրեսիայի հնարավորությունը։
Սակայն ներկայիս Վրաստանի դեմ ռազմական ագրեսիայի կրկնումը պարզապես ինքնասպանություն կլիներ։ Ես կարծում եմ, որ պատմությունը ռուսական ռազմական մեքենային այլևս չի շնորհի երկրորդ այդպիսի հնարավորություն»։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի կեսին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, նկատի ունենալով Ռուսաստանին, հայտարարել էր, թե ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ 21-րդ դարում մեծ երկիրը կարող է հարձակվել փոքր երկրի վրա և փորձել ուժի միջոցով փոխել նրա սահմանները, քանի որ 20-րդ դարում բոլորը պայմանավորվել են սահմանների անխախտության մասին, և բոլորը վստահ էին, որ փոքր երկիրը պաշտպանված է այնպես, ինչպես մեծ երկիրը։








































