ՀՖՀՀ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ փաստերի իսկությունը վերահաստատելու նպատակով Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) հստակեցնում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից համալսարանի 12 դասախոսների աշխատանքից ազատման որոշումը չեղյալ հայտարարելու մասին վճիռը հրապարակելուն պես, ՀՖՀՀ-ն անմիջապես ձեռնամուխ է եղել դրա իրականացմանը։
Համալսարանը, առանց հապաղելու, տվյալ դասախոսներին տրամադրել է ամբողջական փոխհատուցում, նրանց ներգրավել աշխատանքում և վերականգնել նրանց իրավունքները, նրանց հանձնարարել է միևնույն առարկաների դասավանդումը և դասաժամերը, ինչ նախկինում՝ հիմք ընդունելով 2011-2012 ուսումնական տարվա համար նախատեսված ծրագրերը։
Ինչպես ընդգծել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահը հոկտեմբերի 6-7-ը Երևան կատարած պետական այցի ընթացքում, ՀՖՀՀ-ն կշարունակի իրագործել իր առաքելությունը` խստորեն պահպանելով բարձրագույն կրթության ֆրանսիական ավանդույթները, ինչը նրա ուժի, հաջողության և հեղինակության գրավականն է։







































