Վրացական բիզնեսը Հայաստանում ավելի քիչ է ներկայացված և ավելի քիչ հետաքրքրություններ ունի, քան Հայաստանը՝ Վրաստանում, և հատկապես վերջին տարիներին հայկական կապիտալի բավականին զգալի հոսք և տնտեսական էքսպանսիա կա: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:
«Ես դրան նայում եմ դրական ու օրինաչափ, որ Հայաստանում գործող գործարար աշխարհը իր ազատ միջոցները ներդնում է հարևան երկրում: Դրական է այն իմաստով, որ այսօր մեր հարևաններից ամենալոյալ վերաբերմունք ունեցող երկիրն է, և այն, որ շատ մոտ է ֆիզիկապես. նախկին սովետմիության մեջ ենք ապրել, և մենթալիտետով անհամեմատ ավելի մոտ է մեզ: Տնտեսական բարեփոխումները, հարկային ու մաքսային լիբերալացումը, որ բացահայտ է, համապատասխան դաշտ է ստեղծում այդ ներդրումները իրականացնելու համար: Ցավալին կարող է լինել միայն այն, որ մեր գործարարները, թեկուզ դա չնչին է, բայց դրան էլ պետք է ուշադրություն դարձնել, իրենց գործունեությունն այստեղ դադարեցնում են և նոր գործունեություն են սկսում այնտեղ»,- ասաց Գ.Աղաջանյանը:
Գործարարը նշեց, որ վերջին հաշվով Վրաստանը ՀՀ համար ռազմավարական ամենակարևոր տրանսպորտային միջանցքն է, և Հայաստան եկող ռազմավարական բոլոր բեռները, խոսքն առաջին հերթին վերաբերում է էներգակիրներին՝ բենզին, դիզվառելիք, գազ, անցնում են մեր հարևան երկրով, և այնտեղ մեր ներկայությունը ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ ու պարտադիր է: Առևտրաշրջանառության ծավալների առումով Վրաստանի առաջին հնգյակում ենք:
Հայկական կապիտալն էլ այնտեղ ավանդաբար ներկա է եղել: Այնպիսի անուններ, ինչպիսիք են Մանթաշովը, Արամյանցը, Մելիք-Ղուկասովը, գործարարներ են, որոնք մեծ ներդրում են ունեցել նաև Թբիլիսիի զարգացման գործում և տնտեսական կապերի հիմքն են դրել դեռ 19-րդ դարում:
Այն դիտարկմանը, որ փորձագետների գնահատականներով Վրաստանում հայկական ներդրումները տարեկան կազմում են շուրջ 400 մլն դոլար, Գ. Աղաջանյանը պատասխանեց. «Մշտական շփումներ ունենալով Վրաստանի թե՛ գործարար աշխարհի, թե՛ քաղաքական վերնախավի, թե՛ մշակույթի ոլորտի աշխատողների հետ, համոզված եմ, որ հայկական կապիտալն այնտեղ կա, բավական զգալի է, և այդ թիվն ինձ չի թվում ուռճացրած, բավականին խելքին մոտիկ թվեր են: Մեկ տասնյակի չափ ընկերություններ հայկական կապիտալով միայն ես գիտեմ այնտեղ, գործարաններ ու բիզնես են հիմնել, ու վերջին մի քանի տարվա ընթացքում են հաստատվել»:
Գ. Աղաջանյանի կարծիքով՝ կապիտալը շատ զգուշավոր է, մինչև համոզված չի լինում, որ ապահով է, չի գնում: Իսկ ՀՀ-ից Վրաստան կապիտալի հոսքի պատճառն այն բարեփոխումներն են, որ իրականացվեցին, այն պայմանները, որ ստեղծվեցին, այն միջավայրը, որ կա բիզնեսի նկատմամբ ոչ միայն իշխանության կողմից, այլև հասարակության:









































