Զիմբաբվեում ուժեղ երաշտների պատճառով երկրի ամենամեծ ազգային Խվանգե այգում վերջին ամիսների ընթացքում սատկել է մոտ 100 փիղ: Վտանգի տակ են հայտնվել նաև մնացած փղերը:
Ինչպես հայտնում է Herald թերթը, վկայակոչելով այգու ղեկավարությանը, վնասը հաշվվում է երկու միլիոն դոլար: Յուրաքանչյուր փղի գինը, 2009 թվականին կառավարության կողմից ընդունված փաստաթղթի համաձայն, կազմում է 20 հազար դոլար:
Փղերը Զիմբաբվեի զբոսաշրջային արդյունաբերության հիմնական եկամուտներից մեկն է: Խվանգե այգում բնակվում է մոտ 40 հազար փիղ:
Տեղումների անհավասար բաշխման, չափազանց բարձր ջերմաստիճանի և բնակչության թվաքանակի աճի հետևանքով իշխանությունները արհեստական ջրհորներում խմելու ջուր են հավաքում:
Ազգային այգու աշխատակիցներն առաջին անգամ փղերի սատկելու ռիսկ նկատեցին հոկտեմբերի վերջին: Առաջին հերթին սատկում էին ծեր և մանուկ փղերը, որոնք ստիպված էին երկար տարածություն հաղթահարել մինչև ջրհոր հասնելը:
Երաշտից տուժում են նաև այլ կենդանիներ, սակայն այն ավելի շատ ազդում է փղերի վրա, որոնցից յուրաքանչյուրին օրական անհրաժեշտ է միջինը 225 լիտր խմելու ջուր:







































