News Georgia-ի փոխանցմամբ՝ ամերիկյան կոնգրեսականների պատվիրակությունը նոյեմբերի 22-24-ին այցելելու է Վրաստան։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Վերջինիս խոսքերով, ամերիկյան պատվիրակության կազմում են լինելու թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները.
«Մենք ողջունում ենք այդ այցը և կարծում ենք, որ այն վկայում է Վրաստանին ԱՄՆ աջակցության մասին։ Վրաստանում ամերիկյան կոնգրեսականները հանդիպումներ կունենան նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Նիկա Գիլաուրիի ու խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի հետ»։
Նշվում է, որ ամերիկյան կոնգրեսականները մասնակցելու են նաև նոյեմբերի 23-ին Թբիլիսիի կենտրոնում ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հուշարձանի բացմանը։
Հիշեցնենք, որ Ռեյգանի հուշարձանը նվիրված է Խորհրդային Միության փլուզման 20-ամյակին, որում վիթխարի է Ռեյգանի դերը։







































